Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով տներից մեկի փլատակներից քիչ առաջ մեկ քաղաքացու դուրս բերեցին։
Sputnik Արմենիայի թղթակիցները դեպքի վայրից հայտնում են, որ տուժածը մոտ 40 տարեկան տղամարդ է։ Նա անգիտակից է։
Հիշեցնենք` ժամը 11։30-ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադները։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, որոնք արձագանքում են փլատակներից։