Երևանում պայթյունից ավերված տների փլատակներից 2 դի դուրս բերեցին

Որոնողափրկարարարական աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերված տների փլատակներից 2 դի դուրս բերեցին` կնոջ և տղամարդու։ ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այլ անձանց մասով այս պահին ստույգ տեղեկություն չկա։
«Բայց որոնողափրկարարարական աշխատանքները շարունակվում են»,- ավելացրեց նա։
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ մահացածներն ամուսիններ էին, վարձով էին ապրում։
Փրկարարները շուրջ 3 ժամ որոնում էին նրանց։
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով մի քանի բնակելի տներ են փլուզվել։
Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։