ԵԱՏՄ-ն հստակ սահմանել է մինչև 2045 թվականի ռազմավարությունը. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը. Արխիվային լուսանկար
Ռազմավարական փաստաթուղթը հստակ սահմանել է միության պետությունների համագործակցության ապագան` կարևորագույն արդիական ուղղություններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հստակ սահմանել է միության անդամ պետությունների համագործակցության ռազմավարությունը մինչև 2045 թվականը: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Դիվանագետն ասել է, որ այդ ռազմավարական փաստաթուղթը՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը, հստակ սահմանել է միության պետությունների համագործակցության ապագան` կարևորագույն արդիական ուղղություններով: Ընդ որում, Պանկինը հատկապես նշել է այն մարտահրավերներին հակազդելու աշխատանքի կարևորությունը, որոնց բախվել են ԵԱՏՄ երկրները:
«Կարելի է վստահորեն ասել, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ի մասին խոսել են աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Կարծում եմ, որ դա հնարավոր չէր լինի առանց «հնգյակի» և ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև ռուսական գերատեսչությունների և մեր նախարարության թիմի, ռուսական արտասահմանյան հաստատությունների համակարգված աշխատանքի», - ասել է նա՝ ամփոփելով ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։
Պանկինը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն շահագրգռված է տարբեր ոլորտներում ԲՐԻԿՍ-ի հետ սերտ երկխոսության հաստատմամբ: Նա վստահություն է հայտնել, որ 2024 թվականին ԱՊՀ-ում և ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունը կնպաստի ԵԱՏՄ-ի հետ այդ միավորումների համագործակցության ամրապնդմանը:
ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։
ԵԱՏՄ-ում էներգակիրների ընդհանուր շուկան բոլորիս կտա մի շարք առավելություններ․Փաշինյան