Ձնահոսքի վտանգ կա․ Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Խաչի լեռնանցը երկու ուղղությամբ ամբողջությամբ փակվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Վերին Լարսը տանող ճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Պատճառը ձնահոսքի վտանգն է։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր վտանգի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- տեղեկացրեց Հակոբյանը։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: