Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Կապան–«Զանգեր» ճանապարհը փակ են բեռնատարների համար. ՆԳՆ

Հայաստանի ճանապարհներ. Արխիվային լուսանկար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Կապան քաղաքից «Զանգեր» տանող ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են:
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
«Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով»,–հիշեցնում են գերատեսչությունից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։