ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. 2023 թ. հունվարի 1–ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 937 հազար մարդ, իսկ 2024 թ. հունվարի 1–ի դրությամբ այս թիվը 53 հազարով ավելացել է՝ կազմելով 2 մլն 990 հազար մարդ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ամփոփելով 2023 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։
2023 թ. ՀՀ–ում հաշվառվել է 100 261 մարդ, մինչդեռ 2022 թ. հաշվառվել է շատ ավելի քիչ մարդ` 57 320։ Ինչպես և սպասելի էր 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո՝ ՀՀ–ում ամենից շատ հաշվառվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները` 31 434։ Հաջորդ ամենամեծ թիվը կազմում են ՌԴ–ից եկածները` 4 187 հաշվառված մարդ։ Ամենից քիչ հաշվառվել են Իտալիայից ու Շվեցարիայից` 4–ական մարդ։
2023 թ. ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ է ստացել 3 274։ Այս թվի մեջ գերակշռում են ՌԴ–ից ժամանածները` 2 137 մարդ։
Ըստ ՀՀ սահմանային 10 անցակետերով իրականացված գրանցումների` ՀՀ–ից 2023 թ. դուրս է եկել 4 793 768 մարդ, որը 2022 թ. համեմատ մոտ 1.5 մլն–ով ավելի է։ Ամենից շատ ՀՀ սահմանը հատել են «Զվարթնոց» օդանավակայանով` 2 514 480 մարդ և հայ–վրացական «Բագրատաշեն» անցակետով` 1 454 589 մարդ։
2023 թ. ՀՀ մուտք է գործել 4 764 274 մարդ, 2022 թվականին` 3 394 371 մարդ։