ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Թուրքիան պատրաստ է Պաղեստինի համար խաղաղության երաշխավոր դառնալ տարածաշրջանում «քաղաքական և ռազմական ներկայության» հաշվին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sabah թերթի աղբյուրները:
«Թուրքիան նշում է, որ պատրաստ է իր մարդասիրական, քաղաքական և ռազմական ներկայությամբ դառնալ պաղեստինյան կողմում խաղաղության երաշխավորներից մեկը», - գրում է պարբերականը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իսրայելական հարձակումների խորացումն ու ձգձգումը կարող են բացասական տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ ունենալ, իսկ Թուրքիայի առաջարկած երաշխավորության մեխանիզմի ստեղծումը, տրված խոստումների կատարումը և 1967 թվականի սահմաններում Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ, ինքնիշխան, տարածքայինորեն ինտեգրված պաղեստինյան պետության ստեղծումը ամենախելացի և կայուն լուծումն է:
իշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։