ՀՀ–ում տարեկան բացահայտվում է քաղցկեղի ավելի քան 8100 նոր դեպք. ո՞ր տեսակներն են տարածված

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 8143 նոր դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է և տարվա կարգախոսն է «Շտկել բուժօգնության բացերը»։
«Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ 2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն անվճար` պետպատվերի շրջանակում են իրականացվում։
Հայաստանում քաղցկեղից մահացությունը նվազել 3-4 տոկոսով. նախարարը տվյալներ հայտնեց
Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում, իսկ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրավոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով:
Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:
Հայաստանում 2022 թվականին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվերով աշխատում է շուրջ 17 բժշկական հաստատություն: Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում շուրջ 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:
Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ
2022 թվականին փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայում և Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի:
Շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ I-III փուլ Her(+) պացիենտներին, անվճար տրամադրվում են շվեյցարական նոր սերնդի թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով:
Հավելենք, որ ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք: