Հայ ինժեները լուսացույցների համար խելացի համակարգ է մշակել ընդդեմ երևանյան խցանումների

Արհեստական բանականությունը կկարողանա շարժման ընթացքում գրանցել փողոցներում մեքենաների հոսքը և դրանց շարժման ուղղությունը՝ ցուցումներ տալով լուսացույցներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայ ինժեներներն արհեստական բանականության հիման վրա մշակում են լուսացույցների կառավարման համակարգ, որը կկարողանա նվազեցնել խցանումները Երևանում: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լոկատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը, կառավարման նոր մոդուլը գործող համակարգի «ափդեյթն» է։
Նրա ընկերության կողմից ստեղծված համակարգն այժմ էլ հսկում է մայրաքաղաքի լուսացույցները, այն հիմնված է ճանապարհային հաշվարկների վրա, որոնք ընկերությունը ժամանակին իրականացրել է և ինչ-որ պարբերականությամբ թարմացնում է: Բայց տասնյակ հազարավոր մեքենաների շարժը միլիոնանոց քաղաքում հնարավոր չէ հաշվարկել ամեն ամիս և առավել ևս ամեն շաբաթ (կամ պետք է ներգրավել հազարավոր մաթեմատիկոսների, իսկ այդքան մաթեմատիկոս Հայաստանում չկա)։ Եթե սոցիալիզմը հնարավոր է կառուցել առանձին վերցրած պետությունում, ապա առանձին վերցրած խաչմերուկում կարգուկանոն հաստատելն անհնար է։ Եթե փորձեք վերացնել խաչմերուկի գերծանրաբեռնվածությունը՝ ավելացնելով լուսացույցի ժամանակը, ապա մյուս խաչմերուկների աշխատանքը կխափանվի։
«Նոր համակարգում ներդրել ենք AI, որը հաշվում է, թե քանի մեքենա է անցել յուրաքանչյուր փողոցով և յուրաքանչյուր գծով, քանի մեքենա է հավաքվում խաչմերուկներում, ուր են հետո գնում։ Այդ հաշվարկների հիման վրա արհեստական բանականությունը որոշում է կամ տալիս է առաջարկություններ, թե որ լուսացույցի վրա ինչ ժամ սահմանել», – պարզաբանեց Խաչատրյանը։
Համակարգը կկարողանա ավելի արագ աշխատել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հաշվարկման ծրագրերը ներդրված կլինեն ոչ թե սերվերներում, այլ ուղղակիորեն փողոցներում գտնվող հսկողության տեսախցիկներում: Նրանք սերվերին կփոխանցեն ոչ թե տեսանյութը (որից պետք է հասկանալ մեքենաների քանակը), այլ պատրաստի հաշվարկները, որոնք պետք է միավորել։
Նոր նախագծի վրա աշխատանքները սկսվել են երեք տարի առաջ և գրեթե ավարտին են մոտեցել։ Խաչատրյանը նշում է, որ այն կարելի է փորձնական ներդնել քաղաքի որևէ շրջանում կամ շրջաններում։ Նրա ընկերությունը նման առաջարկով գրավոր դիմել է Երևանի նախորդ երկու քաղաքապետներին։
«Քաղաքի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ուզում է երթևեկության կարգավորման «խելացի» համակարգ ներդնել։ Իմ կարծիքով` նման համակարգերը ավելի լավ է պատվիրել Հայաստանում, պարտադիր չէ հենց մեզ մոտ։ Իհարկե, դրանք կան նաև արտերկրում, բայց ցանկացած տեղական մշակողը մեծ ուշադրություն կդարձնի անվտանգության հարցերին։ Համաձայնեք, որ երկրում ճանապարհային երթևեկության մասին տվյալների հասանելիությունը չպետք է դուրս բերել դրա սահմաններից», - նշել է Խաչատրյանը։
Նա կրկին կդիմի Երևանի քաղաքապետարանին, երբ պատշաճ սերվերային հզորություններ կապահովի Հայաստանի ներսում այդ տվյալների մշակման համար (որոնց ծավալները, ինչպես արդեն նշեցինք, շատ մեծ են)։