ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի թռչնաբույծների միությունը բարձրացրել էր այն հարցը, որ մի շարք հայ ներկրողներ Վրաստանից ներկրում են սառեցված հավի միս, որը վաճառում են թարմի անվան տակ՝ անբարեխիղճ մրցակցելով տեղական թռչնաֆաբրիկաների հետ։
Նշվում է, որ նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Զեկուցվել է 2022 և 2023 թթ․ ընթացքում արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների արդյունքների և եզրահանգումների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրությունում։
Օրակարգային թեմաների թվում են եղել սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացը, առկա խնդիրներն ու հետագա անելիքները։