ՏՀՏ գործատուների միությունը և ԱՏՁմ–ն կոչ են անում փոխել Աշոտ Հովհանիսյանի խափանման միջոցը

«Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
Նրանք հորդորում են մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովհաննիսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը բազմաթիվ երկրներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ) գործատուների միությունը կոչ է անում փոխել «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Այս մասին միությունը տարածել է հայտարարություն։
Նրանք իրենց խորին մտահոգություն են հայտնել Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորման վերաբերյալ։
«Խնդրում և հորդորում ենք մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովհաննիսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը բազմաթիվ երկրներում»,– գրված է հայտարարությունում։
Միությունից հայտնում են, որ իրենց մտահոգությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի և երկրի համար մտահոգ բազմաթիվ ներկայացուցիչներ ևս՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դժվար է համարել հիմնավոր և անհրաժեշտ միջոց։
Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորումը մտահոգել է նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Նրանք հայտնել են, որ նման վերաբերմունքը ոչ միայն վնաս է հասցնում նշված անձանց՝ տարիներով ձեռքբերած, իրենց ղեկավարած կառույցի կամ ոլորտի համբավին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որը սկսել է ընկալվել որպես դատավարական իրավունքները խախտող և ներդրումներ կատարելու ու բիզնես սկսելու համար ռիսկային երկիր։
«Նման վերաբերմունքն անընդունելի է, քանզի խաթարված համբավն, անգամ արդարացման կամ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու դեպքում, վերականգնելը շատ դժվար է և հասցնում է այնպիսի վնասներ, որոնց համար պատասխանատվություն ոչ ոք չի կրում»,– գրված է հայտարարությունում։
Նշվում է, որ պետական նման անհեռատես վերաբերմունքը բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, ի վերջո հանգեցնելու է նրան, որ ոչ միայն արտասահմանյան բարձր տեխնոլոգիական, այլև տեղական տեխնոլոգիական բիզնեսը կամ կդադարեցնի իր գործունեությունը, կամ ստիպված կլինի տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ դատավարական իրավունքները։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին, Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջը` Անի Գևորգյանին։ Փետևվարի 1-ին էլ նույն գործով կալանավորվեց «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։