ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին, ձգտում է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով իրավիճակի հրատապ քննարկմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ ամերիկյան ավիահարվածները Վաշինգտոնի կողմից միջազգային իրավունքի նորմերի լիակատար անտեսում են:
«Խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր աղաղակող գործողությունը։ Այժմ փորձում ենք հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով ստեղծված իրավիճակի հրատապ քննարկմանը», - նշված է Զախարովայի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ավիահարվածները նախատեսված են հակամարտության հետագա հրահրման համար:
Այս գիշեր ԱՄՆ-ն հայտարարել է, որ Հորդանանի իր ռազմաբազայի վրա հարձակմանն ի պատասխան խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին և դրա հետ կապված կազմավորումներին Իրաքում և Սիրիայում:
Ինչպես հայտարարել են ամերիկացի զինվորականները, ամերիկյան ավիացիայի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետերը, հետախուզական կենտրոնները, հրթիռների և անօդաչուների պահեստարանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում ու Սիրիայում ԻՀՊԿ-ի և դրա դաշնակից կազմավորումների համար զինամթերքի մատակարարման աշխատանքի ապահովման գործում: