Իրաքի ԱԳՆ-ն ավիահարվածների համար բողոքի նոտա կհղի ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրաքի դրոշ
Այս գիշերը ԱՄՆ-ն հայտարարել է, որ խոցել է ԻՀՊԿ ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին Իրաքի տարածքում ամերիկյան հարվածների պատճառով նրան բողոքի նոտա հանձնելու համար: Տեղեկությունը նշված է Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտարարել էր, որ 16 մարդ երկրի տարածքում ամերիկյան ավիահարվածների զոհ է դարձել, 25-ը վիրավորվել են:
«Ի նշան բողոքի Իրաքի քաղաքացիական և ռազմական օբյեկտների հանդեպ ամերիկյան ագրեսիայի դեմ, արտաքին գործերի նախարարությունը կանչում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա ամերիկյան հարձակման կապակցությամբ նրան բողոքի պաշտոնական նոտա հանձնելու համար», - հայտնել է Իրաքի ԱԳՆ-ն:
Այս գիշեր ԱՄՆ-ն հայտարարել է, որ Հորդանանի իր ռազմաբազայի վրա հարձակմանն ի պատասխան խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին և դրա հետ կապված կազմավորումներին Իրաքում և Սիրիայում:
Ինչպես հայտարարել են ամերիկացի զինվորականները, ամերիկյան ավիացիայի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետերը, հետախուզական կենտրոնները, հրթիռների և անօդաչուների պահեստարանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում ու Սիրիայում ԻՀՊԿ-ի և դրա դաշնակից կազմավորումների համար զինամթերքի մատակարարման աշխատանքի ապահովման գործում: