Ընդամենը մեկ–երկու տարի առաջ Երևանում քայլելիս հնարավոր էր հանդիպել բազմաթիվ ռելոկանտների։ Նրանց մեծ մասը Հայաստանը դիտարկում էր որպես մշտական բնակության վայր, և արդյունքում այստեղ նրանք ոչ միայն սկսեցին ակտիվորեն աշխատանք փնտրել, այև շատերն իրենց բիզնեսը տեղափոխեց մեր երկիր։ Ռելոկանտների թիվն այսօր ՀՀ–ում կտրուկ նվազել է, դա տեսանելի է անգամ անզեն աչքով։ Նրանք սկսեցին տեղափոխվել այլ երկրներ` փնտրելով կյանքի ու աշխատանքի ավելի համարավետ պայմաններ։
Թե՛ իշխանական, թե՛ փորձագիտական շրջանակները բազմիցս նշել են, որ ՀՀ–ն տնտեսական մեծ աճ ունեցավ նաև ռելոկանտների գալով (2022 թվականին եթե այն կազմում էր 12,6 տոկոս, ապա 2023 թ–ին, երբ ռելոկանտների թիվը մեր երկրում սկսեց նվազել, այն կազմեց ընդամենը 7 տոկոս): Ռուսները Հայաստան էին գալիս ռելոկացիայով, այսինքն՝ տեղափոխելով նաև իրենց բիզնեսը: Նրանք մեր երկրում ներգրավվեցին հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և սպասարկան ոլորտներում։
Ներդրումների այն ծավալները, որոնք նրանց շնորհիվ ներարկվեցին մեր տնտեսություն, ՀՀ իշխանությունների կողմից ճիշտ ու հստակ ծրագրերով չիրացվեցին։
Պատճառները, որոնք հաշվի առնելով ռուսաստանցիները 2022 թ–ին սկսեցին տեղափոխվել հիմնականում Հայաստան` շատ հասկանալի էին ու տրամաբանված` առանց վիզայի ռեժիմը, ռուսերենի տարածվածությունը, մշակութային նմանությունները, արևմտյան պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունը և այլն։
2023 թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Ռուսաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում ժամանել է մոտ 114 հազար քաղաքացի, որից մոտ 65 հազարը հայեր են եղել։ Մինչ այդ «Վեդոմոստիին» տված հարցազրույցում նա ասել էր, որ 2022 թ–ին միայն ռուս ռելոկանտների թիվը 110 հազար է, որոնք մնացել են մշտական բնակության։ Մեկ տարում ռուսաստանցիները Հայաստանում գրանցել են 7 328 ձեռնարկություն և ԱՁ։ Այդ ժամանակից ի վեր ՀՀ կառավարության ներկայացուցիչները նոր գնահատականներ չեն տվել։
Ռելոկանտները ՏՏ ոլորտում
ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2022 թ–ին մոտ 5000 ռուս ռելոկանտ էր աշխատում։ Ռելոկանտների բացած ձեռնարկությունների շնորհիվ ՀՀ ՏՏ ոլորտի շրջանառությունը աճել էր ավելի քան 75 տոկոսով՝ հասնելով մոտ 295 մլրդ դրամի։
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) մոտավոր գնահատականով` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդեն 2023 թ–ին ռուս ծրագրավորողների և ընկերությունների թիվը կրճատվեց մոտ 50 տոկոսով: Միության կազմում ընդգրկված են Ռուսաստանից տեղափոխված մի շարք խոշոր ՏՏ ընկերություններ: UATE–ի գնահատմամբ՝ այս ընկերությունները գուցե և չփոխեն իրենց գործունեության հասցեն, բայց աշխատակիցների մի մասին կարող են տեղափոխել կամ գրանցել արտասահմանում։
Sky Labs ՏՏ ընկերության հիմնադիր Անդրանիկ Տողրամաջյանի խոսքով` այս առումով կա մի բացառություն. նրանք, ովքեր հայկական արմատներ ունեն, ավելի շատ են հակված մնալու ՀՀ–ում, անգամ նրանք, որոնք ՀՀ–ում հարազատ չունեն։
«Իմ գործընկերների մեջ կան ՀՀ–ից մեկնածներ, սակայն այն, ինչի մասին ասում եմ` հայկական արմատներով ռելոկանտների մնալը, միանշանակ նույնպես տեսնում եմ»,– նշեց նա:
Ի դեպ, 2022 թ–ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում արդեն իսկ ներառված էր Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ՏՏ 12 ընկերություն, որոնք այդ տարի ընդհանուր առմամբ վճարել են 11 մլրդ 648 մլն 079 դրամ հարկ։ Այս թիվը գրեթե եռապատկվեց 2023 թ–ին` հասնելով ավելի քան 33 մլն դրամի, իսկ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ՏՏ ընկերությունների թիվը ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում դարձավ 16։
ի՞նչ ֆինանսական և ներդրումային հոսքեր ունեցավ Հայաստանը ռելոկանտների գալով
Ռելոկանտների գործունեության մասին դատողություններ հնարավոր է անել նաև հայաստանյան բանկերում նրանց արած գործարքներից ստացված միջնորդավճարների ընդհանուր ծավալից։ Միայն 2022 թ–ին բանկերում միջնորդավճարներից ստացված եկամուտներն աճեցին ավելի քան երկու անգամ, քանի որ տասնյակհազարավոր ռելոկանտներ կա՛մ գումար են փոխանցել Հայաստան, կա՛մ աշխատավարձ են ստացել արտերկրից և այլն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ռուս ռելոկանտների միջոցով ընդհանուր առմամբ Հայաստան է մուտք գործել ռեկորդային մակարդակի գումար, որը պաշտոնական թվերով կազմում էր ՀՀ ՀՆԱ–ի 25 տոկոսից ավելին։ Ըստ նրա` այդ գումարը կազմում է ոչ թե 5.2 մլրդ ԱՄՆ դոլար, ինչպես պաշտոնապես են հայտարարում, այլ 10 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի` եթե հաշվի ենք առնում նաև չգրանցված` առանց բանկային փոխանցումների գումարները։
Համեմատության համար վերցրեցինք հայաստանյան 17 բանկերից 14–ի տվյալները` բացառելով «Արցախբանկը», որտեղ ռուսները գրեթե չէին դիմել, HSBC–ն, որը որոշել էր ուղղակի չսպասարկել նրանց և «Մելլաթ բանկը», որն առավելապես աշխատում է իրանցի հաճախորդների և իրանական շուկայի համար: 2023 թ–ի առաջին երեք եռամսյակների ընթացքում բանկերի միջնորդավճարներից ստացված եկամուտը 2022 թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 4,5 %–ով՝ կազմելով մոտ 52 մլրդ դրամ։
Ինչպե՞ս սկսվեց ՀՀ–ից ռելոկանտների արտահոսքը
Ռուս ռելոկանտների թվի նվազումը սկսեց նկատելի դառնալ արդեն 2023 թ. սկզբին` շուրջ 25 տոկոս, և, ի դեպ, առանց բանկային կապիտալի փախուստը մեղմ ասած` շատ ավելին է։ 2023 թ–ի կեսերից սկսեցին նվազել նաև Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները։
«ՀՀ–ից մեկնող ռելոկանտները դառնում են նաև ռե–ռելոկանտներ. նրանք տեղափոխվում են անգամ այնպիսի պետություններ, որոնց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ–ի հետ փայլուն վիճակում չեն, օրինակ` Վրաստան։ Այստեղ կարողացան տարբեր միջոցներով ռելոկանտներին ներքաշել իրենց տնտեսության մեջ և օգտագործել այդ ներուժը լավագույնս։ Ի դեպ, մեր երկրից մեկնելու պատճառներից ոչ պակաս կարևորը նաև ավելի ու ավելի ակտիվացող հակառուսական տրամադրություններն են»,– ընդգծեց տնտեսագետը։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ ՌԴ հիմնադրի մասնակցությամբ կազմակերպությունների քանակը եթե 2022 թ–ին կազմել է 2 355, ապա 2023 թ–ին այս թիվը կտրուկ նվազել է` հասնելով 946–ի։ ՌԴ քաղաքացի անհատ ձեռնարկատերերը 2022 թ–ին 4 961–ն էին, իսկ արդեն 2023 թվականին` 3857–ը։ Վարձու` պայմանագրային հիմունքներով ՌԴ քաղաքացի աշխատակիցները եթե 2022 թ–ին 12 464 էին, ապա 2023 թվականին նրանց թիվը շուրջ 2500–ով նվազել է` կազմելով 9 912։
Pragmatos Capital ներդրումային ընկերության ղեկավար Ստանիսլավ Սկրիպնիչենկոն, որը ևս վերջերս Երևանից տեղափոխվել է Դուբայ, նշում է, որ 2023 թ–ի հոկտեմբերից բիզնես բացելու, բանկային հաշիվներ բացելու և դրանց գումար փոխանցելու վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների հարցումները կտրուկ նվազել են։ 2023 թ–ի նոյեմբերից արդեն նկատելի էր ինչ-որ աշխուժացում, բայց նախորդ ծավալների հետ անհամեմատելի էր։ Ըստ նրա` շատ ռելոկանտների էլ վախեցրեց ռուսական ԶԼՄ–ներում Հայաստանի շուրջ տեղեկատվական ֆոնը։
Հայաստանը ռուսների համար գրավիչ էր նաև նրանով, որ բանկային հաշիվներն այստեղ ավելի հեշտ են բացվում, քան շատ այլ երկրներում։ Բանկային համակարգի հետ կապված հիմնական խնդիրը, ըստ Սկրիպնիչենկոյի, գործարքների միջնորդավճարների բարձր գինն է. Ռուսաստանում, Վրաստանում, Ղրղզստանում և նույնիսկ ԱՄԷ–ում դրանք շատ ավելի ցածր են։
Եթե խոսենք ֆինանսական հատվածի մասին, ապա այստեղ ևս նկատվում է հաճախորդների արտահոսք դեպի ԱՄԷ, Թուրքիա և Կիպրոս։ «Ինկոր» հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Բրոյանի խոսքով` ՀՀ եկած ռուս ռելականտների պատկառելի մասը կրկին վերադարձել է ՌԴ։ Ավելին, նրա խոսքով՝ նկատելի է ռուսների հեռանալու հետագա միտում։
Իսկ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի համոզմամբ` ռուս ռելոկանտները ՀՀ–ից դուրս են գալիս, քանի որ մեր պետությունն ուղղակի պատրաստ չեղավ, իրեն «նեղություն չտվեց», նաև բավարար գիտելիքներ չունեցավ նրանց շահագրգռելու, ներգրավելու տնտեսության մեջ ու կյանքի մյուս ոլորտներում։
«Եթե անգամ ռելոկանտների մի մասը կարողացավ ներգրավվել ՀՀ տնտեսության մեջ, ապա դա իներցիոն գործընթաց եղավ, սեփական նախաձեռնությամբ արված։ Մեզանում չհաշվառվեցին այն բնագավառներն ու ձեռնարկությունները, որոնք ներդրումների կարիք ունեին ու որտեղ կարելի էր ներգրավել բանիմաց այս մարդկանց ու նրանց ֆինանսական ռեսուրսները` ավելի երկարատև համագործակցություն ծավալելու համար»,– նկատեց նա։
Դա, ըստ տնտեսագետի, նաև հետևանք է ՌԴ–ի հետ հարաբերություններում ներկայիս ՀՀ իշխանությունների բավականին երկչոտ կեցվածքին։
«Բնակարան Երևանում» Telegram ալիքի ադմինիստրատորներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր ծանոթների կեսն արդեն իսկ տեղափոխվել է այլ երկրներ։ Հիմնական պատճառն այն է, որ ՀՀ–ում աշխատանք գտնելը բավական բարդ է։
Ըստ նրա` առաջարկվող աշխատավարձերը չեն համապատասխանում առաջին հերթին բնակարանների վարձակալության գներին։
«Աշխատավարձի առումով Երևանը գտնվում է ռուսական միջին շրջանների մակարդակի վրա, բայց եթե այնտեղ աշխատավարձով կարելի է վարձակալել 1–սենյականոց բնակարան, ապա ՀՀ–ում անգամ 1–սենյականոց բնակարանը հնարավոր է վարձակալել միայն զույգով»,–ափսոսանք հայտնեց Դանիելը։
Նրա խոսքով` այն, որ Հայաստանում լեզվական խոչընդոտ չկա, ճիշտ է, բայց աշխատանքի ժամանակ հիմնականում պահանջվում է գոնե ինչ-որ մակարդակով հայերենի իմացություն:
Արդյոք ռելոկանտները նաև 2024 թ–ին կշարունակեն մեկնել մեր երկրից, դժվար է կանխատեսել, սակայն, օրինակ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` գնդակը կրկին մեր երկրի իշխանությունների դաշտում է: Քայլեր կանե՞ն արդյոք գոնե այս տարի, որպեսզի ռելոկանտները ՀՀ–ն չհամարեն իրենց համար անհարմար երկիր ու ցանկանան հաստատվել այստեղ և ներգրավվել ՀՀ տնտեսական, բիզնես կյանքին, ցույց կտա ժամանակը։