Ի՞նչ կհարցներ Սևակի թոռը, եթե կարողանար հանդիպել պապին. զրույց գրականագետի հետ

Հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան 100–ամակի կապակցությամբ Sputnik Արմենիան զրուցել է Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենի` գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սևակ Ղազարյանի հետ։
Sputnik
Մեծերի ծնունդը, ապրած կյանքն ու նույնիսկ մահը միշտ պատված են առեղծվածներով։ Հունվարի 24 և 26, ինչո՞ւ ծննդյան երկու օր։
–Սա հետաքրքիր և խորհրդավոր պատմություն է։ Պարույրին, ասես, ծննդյան օրից ինչ-որ արտասովորն ու անսովորն են հետապնդում։ Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին, բայց գյուղի գրանցամատյանում գրանցել են հունվարի 26-ը։ Պատճառը մեկն է` 21-ին` Սևակի ծնվելուց 3 օր առաջ, մահանում է Վլադիմիր Լենինը։ Կարծում էին` երկրում եռօրյա սուգ է հայտարարվել և չեն գրանցել։ Բայց մի քանի տարի առաջ, թերթելով ժամանակի մոսկովյան թերթերը, տեսա, որ իրականում 7-օրյա սուգ է հայտարարվել, և 7 օր ժողովուրդը հրաժեշտ է տվել հեղափոխական առաջնորդին։ Սևակն ինքը իր հարազատների, ընկերների հետ ծննդյան օրը նշել է հենց 26-ին, թեև շատ լավ իմացել է, որ 24-ին է ծնվել։
Անվան հետ կապված նույնպես ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Մի մասն այն կապում է Ռուբեն Սևակի, մյուսը՝ Ռուբեն Զարյանի հետ։
–Երկուսն էլ ճիշտ է։ Պարույր Ղազարյանը համալսարանական տարիներին ուներ Արեգունի կեղծանունը։ Երբ նա իր գործերը տանում է Սովետական գրականություն ամսագիր, որի խմբագիրն այդ ժամանակ Ռուբեն Զարյանն էր, վերջինս կարդում և շատ հավանում է գործերը, բայց ո՛չ Ղազարյան ազգանունը, ո՛չ էլ Արեգունի կեղծանունը չի հավանում։ Ասում է՝ ես քո գրական ոճի մեջ նմանություն եմ տեսնում մեր վաղամեռիկ բանաստեղծ Ռուբեն Սևակի հետ։ Այդպիսով, Ռուբեն Զարյանը Պայրույրին առաջարկում է Սևակ կեղծանունը` ինչ-որ տեղ վերածնունդ տալով Ռուբեն Սևակին։
2018 թվականից Սևակի տուն-թանգարանի տնօրենն եք։ Ինչո՞վ է այն առանձնանում մեր մյուս մեծերի թանգարաններից։
–Սևակի թանգարանը գտնվում է գյուղի ծայրին, հայրական տունը՝ գյուղամիջում, 1920-ականների կավաշեն տունը նույնությամբ պահպանված էր, և տնօրեն դառնալուց հետո ես որոշեցի այն դարձնել թանգարանի մաս։ Ներս մտնելիս մարդն ասես 100 տարով հետ է գնում։ Կահույքը, ամեն ինչը պահպանված են։
Պարույր Սևակ - 100. Ժաննա Անդրեասյանն այցելել է գրողի ծննդավայր՝ Զանգակատուն
Միևնույն ժամանակ մենք շատ ենք կարևորում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թանգարանում։ Մեծ էկրանին ցուցադրվում են նյութեր Սևակի մասին, մի ամբողջ պատ նկարիչ Սարգիս Մուրադյանի հեղինակած որմնանկարն է, իսկ նախանցած տարվանից սկսեցինք այդ պատի «կենդանացումը». բջջային հավելվածի միջոցով Պարույր Սևակն ամբողջ հասակով կենդանանում է և կարդում «Ապրել» բանաստեղծությունը։ Ծրագրում ենք տարվա ընթացքում «կենդանացնել» ամբողջ պատը։
Բացի հանրահռչակված գործերից, որոնք տեղ են գտել 6-հատորյակում, դեռ կա՞ն անտիպ, հանրությանն անծանոթ գործեր, որոնք սպասում են հրատարակման իրենց հերթին։
–Նախ, 6–հատորյակից հետո էլ անընդհատ անտիպ գործեր հրատարակվել են։ 80-ականների վերջին, 90-ականների սկզբին լույս տեսավ «Մուտք» ժողովածուն, հետագայում հայրս «Եղիցի լույս» ժողովածուի մկրատված հատվածները վերականգնեց, 2010-ականների սկզբին, երբ ես միացա հորս` որպես օգնական, անտիպ գործերի հրապարակումը շատացավ։ Հրատարակվեց Սևակի «Ամանէջ» վեպը։ Գրեթե ոչ ոք չգիտեր, որ Սևակը բանաստեղծ լինելուց զատ նաև վեպ է գրել։ Սևակի գիտական աշխատությունները, առաջին թեկնածուականը (որը քաղաքական պատճառներով անավարտ էր) հրատարակեցինք, նաև նրա կյանքի վերջին մեծ գիտական գործը՝ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը»՝ իր «Սայաթ-Նովա» թեկնածուականի շարունակությունը։
Այս պրոցեսը շարունակական է։ Հայտնի 6– հատորյակն էլ 70-ականներին է հրատարակվել, և, բնականաբար, կարիք կա նոր հատորյակների` առնվազն 10 կամ 12-ի։ Այդքան նյութ կա։
Որպես գրականագետ և Սևակի թոռ, հաջողվո՞ւմ է տարանջատել մասնագիտական մոտեցումները բարեկամականից։
–Փորձում եմ մաքսիմալ օբյեկտիվ լինել, մոռանալ բարեկամական, արյունակցական կապերը։ Սկզբունքը այսպիսին է` հրատարակել ամեն ինչ, որ կա։ Փոքր գործերի՝ բանաստեղծությունների դեպքում, բարդությունը պարզելու մեջ է՝ անտիպ է, թե ոչ։ Ժամանակին մամուլում տարբեր բանաստեղծություններ են լույս տեսել, որոնք ոչ մի գրքում չեն ընդգրկվել, բայց դրանք հրապարակել որպես անտիպ` որպես գրականագետ իրավունք չունեմ։ Սա պահանջում է ժամանակի մամուլի խիստ զննություն, ընդ որում` ոչ միայն հայկական, այլև ամբողջ Սովետական միության։
«Մարդը ափի մեջ» ժողովածուն արդեն ամբողջացած է և պատրաստ է տպագրության։ Բարեբախտաբար, պահպանվել են գրաքննիչի կարմիր մատիտով նշումները, որոնք վերականգնվել են։ Մոտ 2 տասնյակի չափով նոր գործեր են մեզ սպասում, որոնք ժամանակին դուրս են մնացել «Մարդը ափի մեջ» գրքից։
Եթե այսօրվա սերունդը Սևակի մասին պատկերացնում կազմելու լինի զուտ սոցցանցերի միջոցով, ապա կարող է մտածել, որ նա ստատուս գրող է եղել։ Շատ տարածված են նրա պատկերով թևավոր մտքերը։ Ի դեպ, բոլո՞րն են նրան պատկանում։
–Իրականում, ոչ ։ Ես հաճախ եմ ասում` Սևակը մեր ամենահաճախ մեջբերվող դասականն է այսօր, բայց և ամենակեղծվող։ Բավական է Սևակի պատկերը դնել, բառապաշարային, ոճային ինչ-որ նմանություններ գտնել, գրություն անել և լայքերը, դիտումները, «կիսումներն» ապահովված են։
Պայքարո՞ւմ եք դրա դեմ։
–Այնքանով, որքանով դա հնարավոր է` տվյալ պահին ժխտելով, երբ մտքի պարզունակությունից շատ արագ հասկանում եմ, որ սա Սևակինը չէ։ Բայց համացանցում չես կարող վերահսկել ամեն ինչ։
Պարույր Սևակի ո՞ր միտքը կամ ստեղծագործությունն է առավել արդիական մեր օրերում, գրողի ի՞նչ կանխատեսումներ են իրականացել կամ մարգարեական դարձել։
–Ես «Եղիցի լույս»-ի հետ եմ շատ կապված որպես ընթերցող, և այդ լույսի պակասն անընդհատ ունենք տարբեր ձևերով, տարբեր պատճառներով։ Խավարի հեռացման կարիքն ենք զգում անընդհատ։ Լավ կլիներ, որ դա արդիական չլիներ։ Հաճախ հարցնում են՝ ինչո՞ւմն է Սևակի ֆենոմենը։ Իրականում անկեղծ ու ճշմարիտ լինելու մեջ։ Հոմերոսյան ժամանակներից սկսած` մարդն ունի նույն խնդիրները՝ անձնական, հասարակական, քաղաքական կամ քաղաքացիական։ Տեխնոլոգիական այս դարաշրջանում մարդու գոյությունն է՛լ ավելի է վտանգվում։ Առաջ՝ ստեղծելով ատոմային ռումբ, հիմա՝ ստեղծելով արհեստական ինտելեկտ, վտանգված ենք որպես տեսակ։
Ասացիք` մարդը չի փոխվում դարերի ընթացքում, չեն փոխվում նրա սովորությունները։ Իսկ ճշմարտախոսությունը մշտապես պատժելի՞ է։
–Կարծում եմ` այո։ Ժամանակը ցույց է տալիս, որ ճշմարտախոսներին հետապնդում են, հալածում։ Երբեմն ստացվում է, որ այդ ճշմարտախոսի շահերը համընկնում են ավելի հզորների շահերին, և գուցե այդ պահին նրա բախտը բերում է, բայց մեծ մասամբ այդ շահերը չեն համընկնում։
Եթե Սևակը լիներ մեր ժամակակակիցը, դարձյալ պիտի հալածվե՞ր։
–Հալածվելու մասով չեմ կարող ասել, բայց որ ինչ-որ ուժերի իր խոսքը, ասելիքը դուր չէր գա՝ սա միանշանակ է։ Քանի որ տարբեր ուժեր՝ քաղաքական, թե հասարակական, ինչ-որ պահի մեկ էլ կտեսնես` Սևակին մեջբերում են, երբ զգում են, որ Սևակը կարող է իրենց օգնել, մեկ էլ տեսնում ես` մոռանում են, քանի որ սևակյան խոսքը կամ գրականությունը տվյալ պահին նրանց շահերի հետ չի համընկնում։ Վստահ եմ, որ առանց խոչընդոտների չէր լինի։
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են նախատեսված տարվա ընթացքում։ Ձեր կարծիքով պետության մակարդակով արժանին մատուցվո՞ւմ է մեծ գրողին։
–Այս հարցին դեռ շատ հստակ չեմ կարող պատասխանել, որովհետև ԿԳՄՍ նախարարության ներքո հանձնաժողով է ստեղծվել, որը դեռ պետք է քննի բոլոր ծրագրերը, ըստ իս, բավականին ուշացումով։ Իմ խորին համոզմամբ` դեռ անցած տարվա դեկտեմբերին գոնե ամբողջ տարվա ծրագիրը պետք է հստակեցվեր։ Մյուս կողմից հասկանում եմ նաև, որ այս տարի հոբելյանները շատ են, և, բնականաբար, չէի ուզենա, որ Սևակի հաշվին մեկ ուրիշին ավելի քիչ ուշադրություն դարձվեր։
Դուք` որպես նրա ժառանգ, համարո՞ւմ եք նրան գնահատված կյանքի օրոք և մահից հետո։
–Նրա կյանքի օրոք` հատկապես «Անլռելի զանգակատան» հրապարակումից հետո, այդ գնահատումն իսկապես եղել է։ Քիչ գրողներ կան, որ կյանքի օրոք այդքան ճանաչված և ազդեցիկ են եղել։ Հայրս հիշում է, երբ ապրում էին Կասյան (ներկայիս Վազգեն Առաջինի) անվան փողոցի տան առաջին հարկում, ցերեկվա 12-ից, 1-ից մեր տան դուռը չէր փակվում, որովհետև հաճախ բոլորովին անծանոթ մարդիկ տան դուռը թակում էին և ցանկություն հայտնում ծանոթանալ վարպետի հետ։ Հայրս էլ շատ հյուրասեր մարդ է։ Մյուս կողմից էլ` անսպասելի վթարից ու մահից հետո այդ փառքն ու հռչակն ասես տասնապատկվեցին։
«Երնեկ մեքենան դռներին խփեր և չգար Երևան». ինչո՞ւ Սևակը նախատեսվածից 2 օր շուտ ճամփա ընկավ
«Եղիցի լույս»–ը, որը նրա կյանքի օրոք արգելված էր, մահից անմիջապես հետո թույլ տվեցին հրատարակել և 25․000 տպաքանակ արագ սպառվեց։ Անգամ այսօր դժվար է պատկերացնել, որ որևէ հեղինակի գիրք 25․000 օրինակ տպաքանակով հրատարակվի։ Հիմա էլ այդ գնահատումը կա։ Իհարկե, ինձ համար` որպես ժառանգի, դա բավական չէ, բայց դատելով նույն սոցցանցերից, ես շատ ուրախ եմ, որ երիտասարդներն են Սևակ կարդում։ Սա շատ կարևոր է։
Բացի արտաքին նմանությունից, բնավորության ի՞նչ հատկանիշներ եք ժառանգել Ձեր պապից։
–Ամենակարևորը՝ սերը գրականության, արվեստի նկատմամբ։ Ես գրականագետ դարձա ոչ թե որովհետև Սևակի թոռն եմ, այլ դեռ դպրոցական տարիքից սկսեցի անհագ ձևով կարդալ և մի քանի տարում հասկացա, որ ուզում եմ կապված լինել գրականության հետ։ Գրելու ձիրք չեմ ունեցել և չունեմ։ Հետևում եմ Լև Տոլստոյի խորհրդին՝ եթե կարող եք չգրել, մի՛ գրեք։ Մարդ պետք է գրի այն ժամանակ, երբ հորդում է ներսից։ Բայց գրականության հետ կապս նաև գրահրատարակչական գործիս միջոցով է, որը շատ եմ սիրում։
Եթե հնարավորություն ունենայիք հանդիպելու պապիկին, ի՞նչ կհարցնեիք նրան։
–Շատ կդժվարանայի մի բան ասել, բայց կուզենայի մի երեկո մի գավաթ կոնյակի շուրջ հարցեր տալ գրականությունից ու կյանքից։ Կհարցնեի հենց այդ վերջի մասին` ո՞վ էր իր հետևից ընկել, որ որոշեց անպայման ինքը մեքենան վարի, քանի որ ինքը շատ վատ վարորդ էր, անփորձ, դեռևս վարել սովորելու ընթացքում էր, և եթե չլիներ իր այդ բռնկուն խառնվածքը, պետք է համբերեր։ Ինքը երկու օգնական վարորդ է ունեցել գյուղում. մեկն այդ օրը հիվանդ է եղել, մյուսը՝ խոտհնձի. ընդամենը պետք էր սպասել, ու գուցե այդ դժբախտ պատահարը չլիներ։ Կհարցնեի՝ ինչո՞ւ էիր այդքան շտապում։