ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին պետք է դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանը` լրացնելով, երեկ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը։
«Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը»,– գրել է նա։
Նա հայտնել է նաև, որ հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը լինելու է արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունը։
Նշենք, որ երեկ հանձնախմբի տարածած հայտարարությունում հստակեցվել է Հանձնախմբի նախնական կազմը։
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա
Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա
Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ
Վարդան Օսկանյանը հայտնել է, որ այն ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին հայտարարություն էր տարածվել , որ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնախումբը կգլխավորի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: