ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով կան զոհեր. Սիրիայի պաշտպանության նախարարություն

Սիրիայի դրոշը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ի հարվածները ահաբեկչության դեմ պայքարում սիրիական բանակի և նրա դաշնակիցների հնարավորությունները թուլացնելու փորձ են, նշել են սիրիական ռազմական գերատեսչությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Սիրիայի արևելքում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով կան զոհեր և՛ քաղաքացիականների, և՛ զինվորականների մեջ, մեծ վնաս հասցվել նաև պետական ​​և մասնավոր գույքին: Այս մասին հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում։ Համաձայն CENTCOM-ի հայտարարության՝ հարձակումների թիրախ են դարձել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հարակից զինված խմբավորումների օբյեկտները:
«Ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր բացահայտ օդային ագրեսիա են իրականացրել արևելյան Սիրիայի մի շարք դիրքերի և քաղաքների դեմ և սիրիա-իրաքյան սահմանների մոտ, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ և զինվորականներ, կան վիրավորներ»,– ասված է հայտարարության մեջ։
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածները «ոչ մի արդարացում չունեն և փորձ են թուլացնելու սիրիական բանակի և նրա դաշնակիցների կարողությունները ահաբեկչության դեմ պայքարում»։
Հիշեցնենք, որ CBS հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հավանություն է տվել Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին և ռազմական ուժերին հարվածելու ծրագրերին՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներից մեկի վրա վերջերս տեղի ունեցած աղմկահարույց հարձակման։