ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Անօրինական միգրանտներին Մեծ Բրիտանիայից Թուրքիա վերադարձնելու շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու ջանքերը ձախողվել են, քանի որ բրիտանական ՆԳՆ-ն համարել է, որ Թուրքիան բավականաչափ անվտանգ երկիր չէ: Այս մասին գրում է «Times» թերթը։
Բրիտանական կառավարությունը հույս ուներ նման համաձայնագիր կնքել Թուրքիայից անօրինական ներգաղթյալների հոսքի կտրուկ աճի և նրանց թվի ավելացման մտավախությունների ֆոնին: ՆԳՆ–ի տվյալներով՝ 2023 թվականին ներգաղթյալների թիվը հասել է երեք հազարի, ինչը 162 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։ Ընդ որում` ապաստան հայցողների մեծ մասը Թուրքիայի գործող իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներն են։
Սակայն ՆԳՆ-ի ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան ընդհանուր առմամբ չի համապատասխանում անվտանգ պետության չափանիշներին։ Պաշտոնյաները նաև քննադատում են թուրքական իշխանության կողմից հակաահաբեկչական օրենքների «չափազանց ջանասիրաբար» կիրառումը և մտահոգություն հայտնում դատական համակարգի անկախության ու արդար դատաքննության ապահովման վերաբերյալ:
Գերատեսչության աղբյուրների համաձայն՝ բրիտանական կողմը չի պատրաստվում արագացնել գործարքի շուրջ բանակցությունները, եթե դա կարող է վտանգել անօրինական միգրացիայի և մաքսանենգների դեմ պայքարի հարցում երկրների միջև ավելի լայն գործընկերությունը: Միևնույն ժամանակ բրիտանացի պաշտոնյաներն ուսումնասիրում են առանձին համաձայնագրի կնքման հնարավորությունը, ըստ որի` թուրք միգրանտները վերադառնալու դեպքում պաշտպանված կլինեն քաղաքական հետապնդումներից: