ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Տնտեսական համագործակցության զարգացման հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում այս տարի ներառվել է ռուսերեն դասագրքերի բովանդակությունը համաձայնեցնելու նպատակով մասնագետների համատեղ խումբ ստեղծելու հարցը։ Երևանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման շրջանակում։
Վադիմ Ֆեֆիլով
© Sputnik / Andranik Ghazaryan
Դեռ 2023 թ. աշնանը այս հարցի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Անցյալ տարի ՀՀ դպրոցները 88 հազար ռուսերեն դասագիրք ու գեղարվեստական գրականություն ստացան:
«Ժամանակը կանգ չի առնում։ Թարմացումներ են պետք։ Երկու կողմերի մասնագետներն այս հարցերը կլուծեն սերտ համագործակցելով: Կրթության ոլորտում համագործակցության դրական փորձը լավագույնս արտացոլում է այն փաստը, որ մեզ հաջողվել է պայմանավորվել ու ռուսաց լեզվի և գրականության 20 ուսուցիչների համար, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, աշխատանքային զբաղվածություն ապահովել Հայաստանում»,– ասաց Ֆեֆիլովը։
Բացի դասագրքերից, միջկառավարական հանձնաժողովի այս տարվա նիստում «Ռուսական տան» նախաձեռնությամբ քննարկվելու է ևս մեկ հարց` կազմակերպել հայ աշակերտների արտադպրոցական առօրյան:
Օրինակ` ապրիլի վերջին Վայքում հայ դպրոցականները կկարողանան ընկերական հանդիպումներ անցկացնել ռուսական մանկական «Կաշվե գնդակ» մրցաշարի եզրափակիչի մասնակիցների հետ: