ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այդ հարցում չի միջամտել։ «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, գործարար Արտյոմ Խաչատրյանը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք իրենք Գագիկ Խաչատրյանի պաշտոնական դիրքով պայմանավորված բիզնեսների առաջխաղացում են ունեցել:
««Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են մարդկային կապիտալի, ծանր աշխատանքի և ինովացիոն մտածելու շնորհիվ։ Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային գործընկերների հետ խոսել: Նա մեր հայրն է, բայց ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ»,–ասաց նա։
Արտյոմ Խաչատրյանի խոսքով` ընկերությունների խումբը Հայաստանում այսօր ունի 2500-ից ավելի աշխատող, որոնց միջին աշխատավարձը 400 հազար դրամ է:
Հարցին, թե ինչ հարաբերություններ ունեն ներկայիս իշխանությունների հետ հաշվի առնելով նրանց ընտանիքի դեմ հարուցված քրեական գործը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Նորմալ»։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։