ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ժնևում մարտի վերջին կարող են քննարկումներ կայանալ Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը այդ հարցն արդեն քննարկել է Ադրբեջանի իշխանությունների հետ և «գոհ է մնացել արձագանքից»:
Նա նշել է, որ IPU-ն տեղյակ է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, և որպես ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն, անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես երկխոսությունը կարող է օգնել լուծել այն խնդիրները, որոնք կարող են հանգեցնել անկայունության:
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի շրջանակում (մարտի 23-27-ը): Սպասվում է, որ այն կլինի ոչ պաշտոնական։