Գորիսում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Ոստիկանները պարզել են վիրավորի ու կրակողի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Այսօր կրակոցներ են հնչել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որի հետևանքով կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ կրակոցների մասին ոստիկանությունում ահազանգ է ստացվել այսօր` ժամը 12:20-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր Նշված վայրից հրազենային վնասվածքով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ վիճաբանության մասնակիցների մեջ եղել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա մականվամբ) եղբոր վարորդը։
Նշվում է, որ ոստիկանները պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չի հրապարակվում: