Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալ՝ նախկին մարզպետ, այժմ Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն այսօր պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Ծեծից հետո 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացել էր 2023 թվականի հուլիսին։ Փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանի խոսքով` դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն։
«Եղվարդի դատարանը երկու օր առաջ նիստ է արել ու այսօր հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գրիգորյանի դիմումը և նրան ազատ արձակել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է սպանվածի եղբայրը։
Ըստ Կարեն Մխիթարյանի՝ Գրիգորյանին ազատ արձակելու հիմքն այն է եղել, որ իրեն քրեակատարողական հիմնարկում լավ է պահել։
Հարություն Գրիգորյանը ՔԿՀ–ում անցկացրել է 4 տարի 5 ամիս ու դեռ 7 ամիս էլ պետք է կրեր իր պատիժը։
(Լուսանկարում՝ փոխգնդապետ Արա Մխիթարյան)