ՌԴ-ն մտադիր չէ միջուկային զենք տեղակայել այլ երկրներում. ՌԴ ԱԳՆ

Սերգեյ Ռյաբկով
Դիվանագետի խոսքով` Բելառուսում միջուկային զենք տեղակայելիս Ռուսաստանն առավելագույն պատասխանատվություն է ցուցաբերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի ծրագրում իր միջուկային զենքը տեղակայել այլ երկրների տարածքում, բացի Բելառուսում տեղակայվածից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ո՛չ, չի ծրագրում»,- ասել է նա ԲՐԻԿՍ երկրների առաջին շերպ/սու-շերպ հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` Բելառուսում միջուկային զենք տեղակայելիս Ռուսաստանն առավելագույն պատասխանատվություն է ցուցաբերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա մարտին հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում: ՌԴ նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խախտի միջազգային պարտավորությունները և կանի այն, ինչ տասնամյակներ շարունակ անում է ԱՄՆ-ն իր մարտավարական միջուկային զենքը տեղակայելով Եվրոպայում:
Հունիսին ՌԴ նախագահը հայտնել էր, որ բելառուսա-ռուսական ծրագրերի համաձայն` առաջին միջուկային արկերը հասցվել են Բելառուսի տարածք, մինչև տարեվերջ ծրագրերն ամբողջությամբ կիրականացվեն: Դեկտեմբերին Լուկաշենկոն լրագրողներին հայտնել էր, որ ռուսական բոլոր մարտավարական միջուկային զենքերը, որոնց շուրջ պայմանավորվել են երկու երկրները, տեղափոխվել են հանրապետություն, գտնվում են տեղերում և լավ վիճակում են, զինվորականներն ամեն օր մարզվում են: