ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է ութ երկրներում հատուկ կենտրոններ բացել հայրենակիցներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
Նա ասել է՝ խոսքը Արգենտինայի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի մասին է:
«Համապատասխան կազմակերպություններն աշխատանքի կանցնեն օտարերկրյա պետությունների տարածքում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման հետ կապված հարցերը լուծվելուն պես։ Այսուհետ հյուպատոսական ծառայությամբ հետաքրքրված քաղաքացիները անմիջապես արտասահմանյան հաստատություն դիմելու հնարավորությունից բացի այլընտրանքային տարբերակ ունեն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ պահանջվող փաստաթուղթը համապատասխան տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնից՝ չսպասելով հյուպատոսական հիմնարկում ընդունելության իրենց հերթին», - ասել է Կլիմովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման կենտրոնների բացումն ուղղված է դիմումատուների սպասման ժամանակի կրճատմանը, ՌԴ արտասահմանյան հաստատությունների թողունակության բարձրացմանը «վերջին երկու տարվա ընթացքում արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների թվի էական աճի և հյուպատոսական ծառայությունների պահանջարկի էքսպոնենտ աճի պայմաններում»:
Թվարկված ութ երկրները ներառված են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նախագծում՝ նպատակ ունենալով ընդլայնել այն երկրների ցանկը, որոնցում նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները կարող են աջակցել Ռուսաստանի հյուպատոսություններին՝ առանձին հյուպատոսական գործողություններ կատարելու և դիմորդների փաստաթղթերի ընդունման գործում:
Նշենք, որ ՌԴ կառավարությունը 2023 թվականի նոյեմբերի 2-ին հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը, Սյունիքում ռուսական հյուպատոսական հիմնարկը կարող է աշխատանքը սկսել 2024 թվականի սկզբին։
Հավելենք, որ Իրանը Կապանում 2022 թվականի հոկտեմբերին արդեն հյուպատոսություն է բացել։