ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, անկախ նրա` հիվանդանոց տեղափոխվելու շուրջ ծավալված սկանդալի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Օսթինը՝ մեկնաբանելով իր մոտ հայտնաբերված քաղցկեղային հիվանդության հետ կապված պաշտոնը թողնելու հարցը։
Հունվարի 29-ին՝ մեկ ամսյա դադարից հետո, Օսթինը Պենտագոնում իր առաջին աշխատանքային օրը սկսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որին հայտնել էր, որ դեռ մինչև վերջ չի ապաքինվել։
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Օսթինը մինիմալ ինվազիվ վիրահատություն է տարել շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, իսկ նոր տարվա առաջին օրը երկու շաբաթով հիվանդանոց վերադարձել միզուղիների բորբոքման և որովայնի շրջանում հեղուկի կուտակման պատճառով։