Փաշինյանը դեռ փորձում է հասկանալ՝ որ երկրի հետ ինչ անվտանգային հարցեր է ունենալու ՀՀ-ն

Հարցազրույցի ժամանակ
ՀՀ վարչապետը նշում է, որ նախկինում պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանն այս տարվա կեսերին կունենա զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգ։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց «Հանրային ռադիոյին» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է առայժմ բացակայում այդ հայեցակարգը։
Նա հիշեց, որ 2022 թվականի հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թվականի ձմռանն այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից պարզ դարձավ, որ դրանով առաջ գնալ հնարավոր չէ։ Փաշինյանն ընդգծեց, որ այժմ նաև պետք է հասկանալ, թե ում հետ է իրատեսորեն հնարավոր ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ ունենալ։
«Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։ Այժմ պետք է հասկանալ, թե նմանատիպ հայեցակարգում ինչ հարաբերություններ է ունենալու Հայաստանը Հնդկաստանի հետ։
Պետք է նաև հասկանալ, թե Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի կամ Ռուսաստանի հետ ինչ անվտանգային հարցեր է ունենալու Հայաստանը, կամ առհասարակ ունենալու, թե ոչ։ Հարց է՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փոխվելու են, թե ոչ, կամ ոնց են փոխվելու, մենք մնում ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե ոչ, կամ Ֆրանսիայի հետ ինչ հարաբերություններ ենք կառուցում»,- նշեց Փաշինյանը։
Նա վստահ է՝ Հայաստանը պետք է ԶՈւ ռեֆորմների այնպիսի հայեցակարգ ձևակերպի, որի իրագործման շուրջ առնվազն պայմանավորվածություններ կան։ Վարչապետի կարծիքով՝ այս տարվա ընթացքում այդ հայեցակարգը պետք է ավարտել, բայց դեռ պետք է պարզել՝ այն միայն տեսական փաստաթուղթ է լինելու, թե նաև գործնական։