ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:
«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները դե յուրե և դե ֆակտո բացասաբար չանդրադառնան մեր հարաբերությունների վրա, որոնք կարևոր են մեզ համար և ձգտում ենք զարգացնել»,– ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։ ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: