Ֆիզկուլտինստիտուտի համբավը վերականգնելու համար քայլեր են ձեռնարկվում. ռեկտորի պաշտոնակատար

Տիգրան Սիմոնյան
Տիգրան Սիմոնյան
Ինստիտուտի շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն խանգարում է կառավարմանը, այլ նաև ուսանողներին, որոնք տուժում են, քանի որ չեն կարողանում օգտվել վերանորոգված, բայց այդպես էլ չօգտագործվող դահլիճներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շուրջ վերջին մեկ տարվա իրադարձությունները բացասական է ազդել ինստիտուտի համբավի վրա բոլոր ոլորտներում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը:
Նրա խոսքով` գրեթե մեկ տարի ինստիտուտը զբաղվել է ամեն ինչով, բացի իր բուն գորառույթից, բայց իրենք շատ արագ պետք է կարողանան այդ խնդիրները լուծել և ինստիտուտին վերադարձնեն բնականոն աշխատանքի։
Նշենք, որ ՀՀ դատախազությունը ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ 2023թ. մայիսի 2-ին քրեական հետապնդում է հարուցել պաշտոնական կեղծիքի մեղադրանքով։
«Նախկին ղեկավարից ստացել ենք շատ ծանր ժառանգություն, կառավարման ճգնաժամ, որը ցավոք սրտի ազդել է ուսումնական գործընթացի վրա»,–ասաց նա։
Մասնավորապես՝ ինստիտուտում կան մարզադահլիճներ, որոնք վերանորոգվել են, բայց ուսանողները չեն կարողանում այդտեղ դաս անցկացնել։
Նրա խոսքով` ինստիտուտը Ճապոնիայի դեսպանատան հետ ունեցել է պայմանավորվածութուն, որ դեսպանատունն իրենց կտրամադրի որոշակի գումար, իսկ իրենք կվերանորոգեն կարատեի և ձյուդոյի դահլիճները։
«Դահլիճը վերանորոգվել է, բայց Ճապոնիայի դեսպանատունը խնդիրներ է տեսնում և չի ընդունում այդ գործը, քանի որ բացահայտվել են որոշ կոռուպցիոն ռիսկեր։ 2 տարի է, որ մեր ձյուդոյիստներն ու կարատեիստներն այլ դահլիճներում են «յոլա գնում»»,–ասաց նա։
Նշենք, որ ինստիտուտը, ըստ պաշտոնական տվյալների, 166 դասախոս և 159 վարչական աշխատող ունի և մոտ 2500 ուսանող։
Հիշեցնենք, որ Տիգրան Սիմոնյանը այս տարվա հունվարի 9–ին է ընտրվել ռեկտորի պաշտոնակատարի ԺՊ։