ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ ՀՀ–ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների գործողությունները ոչ միշտ են սինքրոնիզացվում։ Պետական իրավասու մարմինների աշխատանքի համակարգման մեջ ես որոշակի ճեղքեր եմ տեսել, որ պետք է փակել»,– հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` ճիշտ է, դեպքերի բացահայտումը շատացել է, սակայն չպետք է մոռանալ, որ սա հանցագործության լատենտային տեսակ է, ու դրա շրջանառության մի հսկա ծավալ տեղի է ունենում սոցիալական ցանցերով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը նշեց, որ արդեն ունեն բավականին խոսուն արդյունքներ։ 2022–23 թթ. 4 025 քրեական վարույթ է նախաձեռնվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով 106 վարույթ ավարտվել է, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան։
Քարամյանի խոսքով` թմրամիջոցների ապօրինի շրջանառության 150–ից ավելի տելեգրամյան հարթակներ են բացահայտվել, ինչպես նաև 8 սենյակ լաբորատորիաներ։
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը վերջին շրջանում բավականին բարդացել է` հաշվի առնելով, որ մեխանիզմները սկսել են փոխվել և տեղափոխվել տարբեր օնլայն հարթակներ։ Մենք սկսել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Միայն 2023 թ. 5.1 մլրդ դրամից ավելի փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել, որից 3.6 մլրդ դրամի մասով գործերը գնացել են դատարան»,– ասաց նա։
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հերթին նշեց, որ 2023 թ. ընթացքում համացանցով թմրամիջոցների առուվաճառքի 489 դեպք է բացահայտվել, որից 128–ը` իրացման, 361–ը` ձեռքբերման։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց թմրանյութը ոչ թե փողոցում փնտրել, այլ ավելի մեծ մատակարարումների տեղերը գտնել, մանավանդ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում գոյացող փողերի մի մասն արդեն գնում են կրիպտոարժույթների մեջ։
Նա նաև կոչ արեց ուշադիր լինել հատկապես դպրոցներում և բուհերում, հետևողական պայքար մղել կրթական այս կենտրոններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։