ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Արաքս գետից ջուր կվերցվի ամեն տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Արաքս գետից ջուրը կտեղափոխվի դեպի Մեծամորի գետավազան, որպեսզի մեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները։
«Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված` դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում, և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Համաձայն 1927 թ. Սովետա-թուրքական կոնվենցիայի, որը մինչ օրս գործում է, Հայաստանին և Թուրքիային վերապահված է Արաքս սահմանային ջրահոսքը օգտագործել հավասարաչափ՝ որից ՀՀ մասնաբաժինը կազմում է տարեկան 721.7 մլն մ/խ։ Մինչդեռ վերջին տարիներին ՀՀ–ն իր մասնաբաժինը շատ քիչ է օգտագործել` 2022 թ.–ին` ընդամենը 55 %-ը։