Երևանի ավագանին մտադիր է 5 ընդդիմադիրի զրկել լիազորություններից, նրանց թվում է Մարությանը

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին . Արխիվային լուսանկար
Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն արդեն պատասխանել են քաղաքապետ Ավինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի ավագանին մտադիր է որոշ ընդդիմադիր անդամների զրկել լիազորություններից։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքէջից։
Նշենք, որ Երևանի ավագանին պատրաստվում է փետրվարի 5-ին արտահերթ նիստ անցկացնել, որի ընթացքում էլ կքննարկվի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին, Զարուհի Փոստանջյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ավագանու լիազորությունից վաղաժամկետ զրկելու հարցը։

Նախագծերը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Նատալյա Սինորյանը, Արմեն Գալջյանը, Լևոն Լևոնյանը, Դիանա Քերոբյանը, Հայկ Միրզոյանը, Արման Հարությունյանը և «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

Նշենք, որ «Ազգային առաջընթաց» ու «Մայր Հայաստան» խմբակցություններն այս նախագծերի առնչությամբ հայտարարություններ են տարածել ու դիմել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Երևանի պսևդո քաղաքապետի որոշմամբ փետրվարի 5-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգային հարցն է Հայկ Մարությանի և ևս 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Միակ հարցը, որ մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել այս իշխանությունների հետ՝ րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է»,– ասված է Մարությանի կուսակցության հայտարարության մեջ։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Թևանյանն էլ գրել է, որ քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի ավագանիում։
«Մենք արձանագրում ենք, որ «Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով»,- նշել է Թևանյանը:
Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջական իշխանափոխության օրակարգն այլընտրանք չունի:
Նշենք, որ ավագանու անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին որոշումներում որպես հիմք նշված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը։
Դրանով սահմանվում է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
Հիշեցնենք նաև, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և ոստիկանական բռնաճնշումների պատճառով։ Նա ասել էր նաև, որ ցուցմունքն իր փոխարեն գրել են ոստիկանները և ստիպել իրեն ստորագրել այն։
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ Հայրապետյանն իր առևանգման մասին ներկայացրած հաղորդումից հետո ոստիկանության կազմած արձանագրությունում հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն ինքն արել է քաղաքական նկատառումներով։ ՔԿ-ից վստահեցրել են՝ քննչական գործողություններն ամբողջությամբ տեսաձայնագրվել են։