Ձերբակալվել են նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրենն ու 2 աշխատակիցներ

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները կապված են նախարարության հայտարարած տենդերներից մեկի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Ձերբակալվել են Հայաստանում ամենահայտնի ՏՏ ընկերություններից մեկի՝ «Սիներջի»-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ու երկու աշխատակցուհիներ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։ Սա ևս կապված է Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների հետ։ Կայքի տեղեկություններով՝ ձերբակալված կանանցի մեկն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գևորգյանը։ Նա նախկինում աշխատել է որպես ծրագրերի ղեկավար, մեկ տարի առաջ դուրս է եկել աշխատանքից:
«Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» փորձել է մասնակցել էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին, տենդերը չի կայացել, բայց մեղադրանքն այսօր վերաբերում է չկայացած տենդերին: Այդ տենդերի փաստաթղթերը պատրաստել է Անի Գևորգյանը»,- գրում է թերթը։
Ձերբակալված մյուս աշխատակցուհու նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել, իսկ տնօրենի և Անի Գեւորգյանի հետ կապված դեռ որոշում չկա։
Թերթը նաև գրում է, որ «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի, «Միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում երկրորդ տեղ գրաված հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
Sputnik Արմենիան տեղեկությունները փորձեց ճշտել «Սիներջի» ընկերությունից։ Մեզ ասացին, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։