ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման կասկածանքով ձերբակալվածներից երկուսը ռեստորանում որպես մատուցող էին աշխատում, իսկ ահաբեկչությանը նախապատրաստվելիս հանցակիցների հետ մանրակրկիտ ուսումնասիրել են եկեղեցու տարածքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։
Ոստիկանությունը հունվարի 30–ին հայտնաբերել է Ստամբուլում եկեղեցու վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքը՝ քանդված վիճակում։
Գործակալության տվյալներով՝ այս գիշեր հայտնաբերվել է նաև լեհական համարանիշներով ավտոմեքենան, որն օգտագործել են ահաբեկիչները. այն թաքցրել էին քաղաքի արևմուտքում գտնվող Բեյլիքդյուզյու շրջանում:
«Պարզվել է, որ եկեղեցու վրա հարձակվողները որպես մատուցող են աշխատել Բախչելիևլեր շրջանում գտնվող սուշի-ռեստորանում։ Նրանք այնտեղ անօրինական էին տեղավորվել»,- հայտնում է գործակալությունը։
Նրա տվյալներով՝ քննիչները հսկման տեսախցիկների տեսագրությունները վերլուծելով պարզել են, որ երկու հարձակվողները ահաբեկչական բջջի մյուս անդամների օգնությամբ նախապես ուսումնասիրել են եկեղեցու շրջակայքը։
Հունվարի 28–ի կեսօրին Ստամբուլի հյուսիսում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա դիմակավորված երկու անձանց զինված հարձակման հետևանքով Թուրքիայի քաղաքացի է մահացել:
ԶԼՄ-ները գրել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հարձակման մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են հունվարի 28–ի երեկոյան: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան հայտնել է, որ ձերբակալվածներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է, երկրորդը՝ ՌԴ քաղաքացի, ենթադրվում է, որ նրանք ԻՊ անդամներ են: Ընդհանուր առմամբ, հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 51 մարդ, որոնցից 23-ը արտաքսվել են Թուրքիայից: