Քանդել «խրուշչովկաներն» ու տեղում ժամանակակից շենքեր կառուցել. մասնագետի առաջարկը

Շինարարություն. Արխիվային լուսանկար
2025թ–ից Երևանում ու ՀՀ–ում շինարարության ծավալները կրճատվելու են։ Կառուցապատողների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է շինարարության տեմպը պահելու ու ավելացնելու իր ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Երևանում բնակարանային նոր ֆոնդի պահանջարկ և անհրաժեշտություն կա, բայց դա պետք է իրականացվի ոչ թե այգիների կամ ինչ–որ տեղ մի շենք «խցկելու» հաշվին, այլ՝ հին բնակֆոնդի նորացման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կառուցապատողների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։
«Պետք է քանդվեն այն շենքերը, որոնց շահագործման ժամկետներն ավարտվել են, որոնք թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաշվել են։ Օրինակ`«խրուշչովկաները», որոնք կառուցվել են 50-60–ական թվականներին, և դրանց կյանքի տևողությունը 40-50 տարի էր, սեյսմակայությունը` ցածր։ Դրանց փոխարեն պետք է կառուցվեն նոր բարձրահարկ կամ միջին հարկայնությամբ շենքեր»,– առաջարկում է մասնագետը` միաժամանակ նշելով, որ քաղաքաշինության ռենովացիայի վերաբերյալ իշխանությունում հստակ համակարգված մոտեցում չկա։
Որպես օրինակ Սաքապետոյանը բերում է նախկին ԽՍՀՄ երկրների` ՌԴ–ի, Ղազախստանի, Բելառուսի փորձը, որտեղ պետությունը մշակում է քաղաքների` նորացման կարիք ունեցող հատվածների քաղաքաշինական ծրագիրը, որի համաձայն կառուցապատողները նախ քանդում են հին շենքերը, ապա կառուցում նոր թաղամաս, որտեղ բնակարաններով են ապահովում նաև քանդված շենքերի բնակարանատերերին։
«Եթե կառուցապատողը պետք է քաղաքում հող գնի, որի վրա շինարարություն իրականացնի, այս դեպքում հողի գինը փոխհատուցվում է բնակիչներին անվճար տրվող բնակարանների գների արժեքով»,– պարզաբանում է Սաքապետոյանը։
Մեր զրուցակցի խոսքով` այսօր ՀՀ–ում կա շուրջ 100 մլն քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքեր, որից վերջին 30 տարում ռենովացվել է ընդամենը 4-5 տոկոսը։ Բնակֆոնդի ամբողջական ռենովացիան 100 տարում ավարտելու համար, կառուցապատողի հաշվարկով, տարեկան պետք է վերակառուցվի 800-900 հազար քմ–ը։ Համեմատության համար նշենք, որ 2023թ–ին կառուցվել է շուրջ 700 հազար քմ բնակֆոնդ։
Մասնագետը կանխատեսում է, որ 2024-25թթ–ին ևս կառուցապատման այս տեմպը դեռ կշարունակվի` հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող շինարարական օբյեկտներն ու հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձով կնքված առքուվաճառքի պայմանագրերը։
«Բայց, եթե մինչև եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումը չընդուվի քաղաքաշինական նոր ծրագիր և կառուցապատողներին հնարավորություն չտրվի շարունակել աշպատանքը` քաղաքի մաշված բնակֆոնդը ռենովացնելու ուղղությամբ, ապա, մեր գնահատմամբ, 2025թ–ի հունվարի 1-ից հետո Երևան քաղաքում էապես կրճատվելու են կառուցապատման ծավալները»,– կարծում է Սաքապետոյանը։
Հիփոթեքային վարկավորման աջակցության ծրագիրը կրկնակի գերազանցել է նախատեսված միջոցները
Իսկ պետական ծրագրի իրագործման դեպքում, նրա համոզմամբ` շինարարական ոլորտը ոչ միայն անկում չի ապրի, այլև շատ ավելի կակտիվանա` նպաստելով նաև տնտեսական աճին։
Հիշեցնենք` 2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ կդադարեցի հիփոթեքային վարկի մարման նպատակով եկամտային հարկի վերադարձը։
2027 թ. հունվարի 1–ից եկամտային հարկի վերադարձը չի գործի նաև Երևանի հարակից մարզերում` Արագածոտնում, Արմավիրում ու Կոտայքում, իսկ 2029 թ. հունվարի 1–ից` հանրապետության ամբողջ տարածքում։