ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ գործողություններ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ»,– ասաց Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ խուզարկություններ են կատարվում էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում գերատեսչությունում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանն ու Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանը բերման են ենթարկվել։
Ըստ ԶԼՄ–ների` պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով: