ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով։ Այս հայտարարությունն արել է նախագահի թեկնածու, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արդեն հստակ է, որ ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով։ Դա պարզել է փորձաքննությունը», - վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Նա նշել է, որ չգիտի և չի հասկանում, թե ինչու է Ուկրաինան խոցել սեփական գերիներին տեղափոխող ինքնաթիռը։
«Ուկրաինայի իշխանությունները ասել են, որ կցանկանային միջազգային հետաքննություն անցկացնել։ Մենք խնդրում ենք և պնդում, որ միջազգային հետաքննություն իրականացվի», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների շարքում ցանկացողներ չկան։
«Պաշտոնապես ասում եմ՝ խնդրում ենք միջազգային փորձագետներ ուղարկել և իրականացնել այդ հետաքննությունը, գնահատել առկա իրեղեն ապացույցներն առ այն, որ ինքնաթիռը խոցվել է «Patriot» համակարգով», - ընդգծել է նա։
Հիշեցնենք` Ուկրաինայի զինված ուժերը հունվարի 24-ին Բելգորոդի մարզի օդային տարածքում ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ են խոցել, որով մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից փոխանակման էին տանում 65 ուկրաինացի գերիների: Նրանք բոլորը, ինչպես նաև Ռուսաստանի ԶՈւ երեք ուղեկցող սպաներն ու անձնակազմի վեց անդամները զոհվել են։ Հաջորդ օրը առավոտյան հայտնաբերվել են երկու սև արկղերը՝ թռիչքի պարամետրերի գրանցման սարքը և խոսքի ինքնաձայնագրիչը։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իլ-76-ի կործանումը հարցականի տակ է դնում Կիևի հետ որևէ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը:
Ուկրաինական լրատվամիջոցները սկզբում գրում էին, որ Իլ-76-ը խոցել են Ուկրաինայի զինված ուժերը, սակայն հետո կայքերից հեռացրին այդ տվյալները։ Ավելի ուշ Ուկրաինան անուղղակիորեն խոստովանեց, որ խոցել է այդ ինքնաթիռը. Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը դժգոհեց, որ Ռուսաստանն իբր չի տեղեկացրել Բելգորոդում այդ պահին օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:
Կիևը պաշտոնապես խոսում է միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին, իսկ ոչ պաշտոնապես սկսել է տեղական ԶԼՄ-ներում շրջանառել այն թեզը, թե Իլ-76-ը հրթիռներ էր տեղափոխում Ս-300 զենիթահրթիռային համակարգերի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջազգային հետաքննությունը միանշանակ անհրաժեշտ է, եթե այն կենտրոնանա Կիևի ռեժիմի հանցագործությունների վրա: