ՀՀ-ի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ Կոլոմինա

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան. Արխիվային լուսանկար
ՆԱՏՕ–ն շատ գոհ է Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերություններից։ Կոլոմինան նշել է, որ իրենց ոգևորում են այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՆԱՏՕ–ի համար կարևոր է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը, որը դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։ Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։
«Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել»,–ասել է Կոլոմինան։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին` ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք մեր գործընկերների միջև կողմ չենք բռնում, քանի դեռ տեղի չի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և հիմնական տարրերի խախտում, որոնց մենք շատ կապված ենք։ Այսպիսով, ուղերձը շատ պարզ է. մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Գիտենք, որ կան բանակցային տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը»,–ասել է նա։
Կոլոմինան հավելել է, որ իրենց համար կարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր կլինի Կովկասի կայունության համար։
«Մենք նաև աջակցում ենք բանակցությունների երկկողմ ձևաչափին։ Ի վերջո, երկու ազգերը պետք է որոշեն, թե ինչպես են նրանք առաջ շարժվելու, այնպես որ մենք կաջակցենք այն ամենին, ինչն ի վերջո կբերի խաղաղության»,–ասել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ շարունակելու են նույն ուղերձը հղել գործընկերներին` նրանք պետք է հնարավորինս շուտ վերսկսեն բանակցությունները։
Նշենք, որ վերջին շրջանում հայ–ադրբեջանական բանակցություններում դադար է, որովհետև ադրբեջանական կողմը հրաժարվում է գնալ արևմտյան հարթակներում նշանակված հանդիպումներին։