ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջողել իրենց այսօրվա և հետագա աշխատանքում։ Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հստակության ակնկալիք ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է (ինչպես և հայտարարել է), կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և ցույց տալ ոչ թե երևակայական քարտեզներով, այլ իրավական հիմք ունեցող»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հանձնաժողովների հանդիպումը Թովուզ-Ղազախ հատվածում անցկացվում, ԱԺ նախագահն ասաց՝ պետք էր ինչ-որ տեղից սկսել, այլ իմաստներ պետք չէ փնտրել։ Նրա խոսքով՝ կարևոր է այն, որ այդ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենում։
Հիշեցնենք` այսօր սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: