ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը բանակցություններ է վարում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ՝ 2024 թվականին բյուջետային աջակցության վարկեր ստանալու համար: Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2024 թվականի համար բյուջեի պակասուրդը նախատեսված է ՀՆԱ-ի 4,6 տոկոսի չափով, ինչը շատ ավելի մեծ է, քան սպասվում էր 2023 թվականի ընթացքում, այդ թվում՝ օգնության ծրագրերի պատճառով, որոնք անհրաժեշտ է հատկացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Նույն նպատակով բյուջեում մեծ պահուստային ֆոնդ է թողվել՝ մոտ 60,5 մլրդ դրամ կամ մոտ 150 մլն դոլար։
Բացարձակ թվերով պակասուրդը կանխատեսվում է 482,9 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով` 1 մլրդ 190 մլն դոլարից մի փոքր ավելի), որից 131,7 մլրդ դրամը (մոտ 325 մլն դոլար) նախատեսվում է ներգրավել արտաքին աղբյուրներից (այսինքն՝ արտասահմանյան վարկերից), իսկ մնացած 351,2 մլրդ դրամի (870 մլն դոլարից մի փոքր պակաս) մեծ մասը՝ պետական պարտատոմսերի հաշվին։
Արտասահմանյան վարկերի ներգրավման շուրջ արդեն բանակցություններ են ընթանում։ Ճիշտ է, նախարարը պարզաբանել է, որ շատ բան կորոշի ֆինանսական շուկայի կոնյունկտուրան. եթե պարտատոմսերի պահանջարկը շարունակի աճել (իսկ 2023 թվականին այն զգալիորեն աճել է), ապա դրանց թողարկումը կավելացնեն, իսկ վարկերն ավելի քիչ կվերցնեն։ Այս դեպքում նա նկատի ունի բյուջետային վարկերը, որոնք ուղղված են ոչ թե կոնկրետ ծրագրերի (օրինակ՝ ջրագծերի կամ էլեկտրահաղորդման գծերի կառուցում), այլ բյուջեի ընդհանուր պակասուրդի ֆինանսավորմանը։
Նշենք, որ 2023 թվականին բյուջեի պակասուրդը կանխատեսվում էր ՀՆԱ-ի 3,1%-ի չափով, բայց իրականում շատ ավելի ցածր կլինի, քանի որ բյուջեի եկամուտներն աճել են նախատեսվածից շատ ավելի։ Արդյունքում՝ 2023 թվականի 11 ամիսներին բյուջեի դեֆիցիտը կազմել է 0,7 տոկոսից պակաս։