«Ես էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչ նախարար դառնալը». Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ կողմնակի եկամուտներ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է․ բոլոր մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` մի քանի ապացույց կա, որ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում։
«Աղքատությունն է կրճատվել, միջին աշխատավարձը 280 հազար դրամ է` մոտ 14 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ, մեկ տարում մոտ 37 հազար նոր աշխատատեղ է բացվել, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն վերջին երեք տարում համարյա կրկնակի աճել է ԱՄՆ դոլարով և, Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումների համաձայն, կկազմի 8 200 ԱՄՆ դոլարից ավելի, որը 2020 թ. 4 267 դոլարի համեմատ մոտավորապես կրկնակի շատ է»,– ասաց նախարարը։
Բացի այդ, նա անդրադարձավ նաև իր եկամուտներին։
ՀՀ–ում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4 տոկոս ցուցանիշի շուրջ. ԿԲ նախագահ
«Ես, օրինակ, էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև նախարար դառնալը։ Նախարարի աշխատավարձս էապես ավելի ցածր է, քան մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը»,– անկեղծացավ Քերոբյանը` վստահեցնելով, որ կողմնակի եկամուտներ չունի։
Նշենք, որ ՀՀ–ում նախարարների աշխատավարձը 793 680 դրամ է, հարկերն ու վճարումները հանած` նրանք 587 760 հազար դրամ են ստանում: Ի դեպ, մինչ նախարար դառնալը Վահան Քերոբյանը ղեկավարում էր իր իսկ հիմնած սննդի առաքման ծառայությունը` Menu.am–ը։
ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023–ին աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ