ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում ՀՀ ԱԱԾ–ի և ՀՀ ՔԿ–ի համատեղ կատարվող խուզարկություններ արդյունքում ձերբակալվել է 7 անձ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում գերատեսչությունում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանն ու Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանը բերման են ենթարկվել։
«Պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը»,– նշված է հաղորդագրությունում:
Այս քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 6 անձ:
Մյուս քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։
«Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է, երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։