2023–ին ՀՀ պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաներից 488–ն օտարվել են

ՀՀ կառավարություն
Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ 2023 թվականին պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների թվաքանակը զգալի կրճատվել է։ Օտարվել է 488 տրանսպորտային միջոց, որը 386-ով շատ է 2022 թվականի ցուցանիշից։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այս տվյալները ներկայացվել են Նիկոլ Փաշինյանին, որն այցելել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի` 2023 թ. գործունեության հաշվետվությունը։
«Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից շատ է 166%-ով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տրանսպորտային միջոցների օպտիմալացման համատեքստում խոսվել է 2024 թ․ նախատեսվող՝ մեքենաների հատկացման նոր չափորոշիչների և գործընթացի կենտրոնացված կառավարման մասին։
Բացի այդ, Փաշինյանին զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։
Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34․9 մլրդ դրամ, որը շուրջ 14․2 մլրդ դրամով շատ է 2022 թ․ ցուցանիշից։
Վարձակալությունից մուտքերը կազմել են շուրջ 674 մլն դրամ, որը 43․2 %-ով շատ է 2022 թ․ ստացված մուտքերից։
Հաշվետվության ներկայացման ընթացքում նշվել է, որ 2023 թ․ կատարված գործարքների արդյունքում ներդրողները ստանձնել են ընդհանուր 37 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։