Զելենսկին Զալուժնիին առաջարկել է պաշտոնաթող լինել և դառնալ իշխանությունների խորհրդականը

Երկուշաբթի ուկրաինացի խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտարարել էր, որ Զալուժնիին տեղեկացրել են նրա պաշտոնանկության մասին, սակայն հրամանի տեքստը դեռ չկա, հայտնում են նաև, որ նրան առաջարկել են դեսպանի պաշտոնը, որից նա հրաժարվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ և առաջարկել նրան պաշտոնը լքելուց հետո դառնալ Ուկրաինայի իշխանությունների խորհրդականը պաշտպանության գծով։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանող աղբյուրներին։
«Զելենսկին և Զալուժնին հանդիպել են երկուշաբթի երեկոյան՝ քննարկելու գեներալի ապագան։ Նախագահը տեղեկացրել է Զալուժնիին, որ նրան շուտով աշխատանքից կազատեն, և առաջարկել նրան կառավարության խորհրդականի դերը։ Գեներալը հրաժարվել է առաջարկից», - ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։
Թերթը հավելում է, որ Զելենսկու գրասենյակում արդեն իսկ կայացրել են Զալուժնիին պաշտոնանկ անելու որոշումը, մնում է որոշել, երբ է դա տեղի ունենալու, և ով կզբաղեցնի նրա պաշտոնը, ինչպես նաև պարզել՝ արդյոք Զալուժնին կընդունի նոր պաշտոնի առաջարկը։ Նշվում է, որ Զելենսկին մտադիր է փոխարինել ուկրաինական զորքի գլխավոր հրամանատարին, սակայն դա դեռ որոշ ժամանակ կարող է տեղի չունենալ հունվարի 29–ին տարածված հաղորդագրությունների պատճառով։
Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկին վճարում է իր սխալների համար
FInancial Times-ը հավանական թեկնածու է համարում Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկուն և Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովին։
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին տված մեկնաբանության մեջ հերքել էր Զալուժնիի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, նրա խոսքով` նման որոշում հաստատ չի ընդունվել։ Ինքը՝ Զելենսկին, ուկրաինացիներին իր երեկոյան ուղերձում այդ մասին ոչինչ չի հիշատակել։