ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ամերիկացի գեղասահորդները կպարգևատրվեն ոսկե մեդալներով 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում թիմային մրցաշարում հաղթելու համար: Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր տնօրեն Սառա Հիրշլանդը:
«Սառա Հիրշլանդը հաստատում է, որ խոսել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ ու լուր է ստացել, որ ԱՄՆ-ի հավաքականի գեղասահորդները կպարգևատրվեն Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարի ոսկե մեդալներով»,-նրա մեկնաբանությունը մեջբերում է ամերիկյան կազմակերպության մամուլի ծառայությունը:
Երեկ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) 4 տարով որակազրկել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային՝ հակադոպինգային կանոնները խախտելու պատճառով: Վալիևան դրական դոպինգ թեստ է հանձնել 2021 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրի օրը։ Այս մասին հայտնի է դարձել 2022 թվականի փետրվարի 8-ին՝ Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարի ավարտի հաջորդ օրը, որտեղ Ռուսաստանի հավաքականը Վալիևայի հետ միասին հաղթանակ է տարել։ Այս հարցով վարույթների պատճառով մինչ օրս չեն հաստատվել խաղերի թիմային մրցաշարի արդյունքները։
CAS-ում հայտարարել են, որ Պեկինի մրցումների մրցանակների բաշխման համար պատասխանատու են ՄՕԿ-ը և չմշկորդների միջազգային միությունը (ISU):
Ավելի ուշ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ մեդալների բաշխման մասին որոշում կկայացնի ISU-ի որոշումից հետո: Ռուսական թիմին առաջին տեղից զրկելու դեպքում լավագույն եռյակը կունենա հետևյալ տեսքը՝ ԱՄՆ, Ճապոնիա, Կանադա: ISU-ում հայտարարել են, որ ավելի մանրամասն կմեկնաբանեն Վալիևայի գործով հունվարի 30-ի որոշումը։