ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։
«Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձի ինքնությունը, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում Ռուսական տան ղեկավարը դեպքի առնչությամբ դիմել է գլխավոր դատախազին։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Ֆեֆիլովի դիմումը, որին ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով: