ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մտադիր է մայիսին այցելել Անկարա՝ անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Աթենք կատարած այցին ի պատասխան: Այս մասին Հունաստանի վարչապետը հայտարարել է Skai 100.3 ռադիոկայանին։
Նրա խոսքով՝ թուրք-հունական հարաբերություններում հաջողվել է լավ մթնոլորտ ստեղծել։
«Մենք շատ կարևոր քայլեր ենք արել երկու երկրների մերձեցման ուղղությամբ։ Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են, և մենք պետք է պահպանենք այդ ձեռքբերումները»,-ասել է Միցոտակիսը։
Պատասխանելով Թուրքիայի նախագահի վերջին «սադրիչ» հայտարարությունների մասին հարցին՝ ԱՄՆ ԱԳՆ-ի կողմից Թուրքիային F-16-ի վաճառքի հաստատումից անմիջապես հետո Միցոտակիսն ասել է, որ նրանք, ովքեր կարծում են, որ հույն-թուրքական մերձեցումը պետք է առանց որեւէ տուրբուլենտության տեղի ունենա, իրականությունից կտրված են:
«Սակայն պետք է պատկերին ամբողջական նայել և տարանջատել հռետորաբանությունը վարքից։ Եվ հենց այդ պատճառով անհրաժեշտ է զարգացնել մեր արձանագրած զգալի առաջընթացը, որն արտացոլվում է զանազան մակարդակներում․ ոչ միայն վերջին ամիսներին Էգեյան ծովում թուրքական օդուժի զրոյական ակտիվությամբ, այլ նաև Թուրքիայի քաղաքացիների համար առանց նրանց վիզա տրամադրելու անհրաժեշտության մեր կղզիներ ժամանելու հնարավորության մասին համաձայնագրում։ Դա երևում է փախստականների ոլորտում մեր համագործակցության մեջ։ Երեք օրից Ստամբուլում կկայանա գործարար շրջանակների առաջնորդների հանդիպումը»,-ասել է Հունաստանի վարչապետը։
Վերջին երեք տարում Հունաստանի և Թուրքիայի միջև աննախադեպ երկար տևած ճգնաժամ էր, ընդ որում՝ այն անընդհատ սրվում էր։
Լարվածությունը հնարավոր եղավ նվազեցնել 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո. Միցոտակիսն անմիջապես զանգահարեց Էրդողանին և օգնություն խոստացավ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում: Թուրքիան իր հերթին ցավակցություն է հայտնեց Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետից հետո: Դա թույլ տվեց նոր մթնոլորտ ստեղծել երկու երկրների հարաբերություններում։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Աթենքում տեղի ունեցան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ և կայացավ համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը։ Արդյունքում ստորագրվեցին բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին հռչակագիր և 15 փաստաթուղթ՝ համաձայնագրեր, հուշագրեր, համատեղ հռչակագրեր: