ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4 տոկոս ցուցանիշի շուրջ։ Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«2023թ. դեկտեմբերին 12–ամսյա գնաճը նվազել է 0.6 տոկոսով։ Դրամավարկային նախանշված սցենարում 12–ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,– նշեց Գալստյանը։
Նրա խոսքով` երկրում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է, որն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ։
Ըստ ԿԲ նախագահի` առաջիկայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ։
Ինչ վերաբերում է տնտեսական ակտվությանը, ապա այն 2023 թ. 4–րդ եռամսյակում ՀՀ–ում պահպանել է իր բարձր տեմպը, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի աճը։
Մարտին Գալստյանը նաև տեղեկացրեց, որ արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է` զբոսաշրջության տեմպի նվազման հաշվին, փոխարենը ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր` հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով։