Հայկ Նահապետից մինչև «Նաիրի». ի՞նչ խնդիրներ ունի ՀՀ–ում նետաձգության առաջին ակումբը

Մարզումներ «Նաիրի» ակումբում
Նետաձգության ակումբն այժմ ունի 30 մարզիկ, որոնք մարզվում են անվճար։ Համահիմնադիրը հույս ունի, որ ուշադրության կարժանացնեն իրենց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ բացված առաջին նետաձգության ակումբը` «Նաիրին», բազմաթիվ խնդիրների է բախվում, մասնավորապես` մարզումների համար մշտական վայրի և բավարար քանակով նորացված գույքի բացակայության պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ակումբի համահիմնադիրներից Արթուր Փոքրիկյանը։
Նետաձգության որոշ սարքավորումներ ակումբի անդամների համար համահիմնադիրները գնել են իրենց անձնական միջոցներով, սակայն սա անհատական մարզաձև է, և նույն գույքը չի կարող օգտագործել մի քանի անձ։
Արթուր Փոքրիկյանը
«Միջազգային մրցումներին մասնակցելու լավ հնարավորություններ կան, եթե լինեն միջոցներ, մինչդեռ պրոֆեսիոնալ մարզիկները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն ցանկանում մնալ սպորտում»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է մարզումների վայրին, ապա այս պահին դրանք ժամանակավորապես ընթանում են Երևանի դպրոցներից մեկի մարզադահլիճում (տարածքը տրամադրվել է Հրաձգության հանրապետական ​​մարզադպրոցի հետ հուշագրի շրջանակներում)։ Գարնանը մարզումները կշարունակվեն Երևանի բուսաբանական այգում, որի հետ նույնպես կա նմանատիպ պայմանավորվածություն։
Չնայած եղած խնդիրներիներին` ակումբն արդեն հասցրել է հաջողություններ գրանցել ՀՀ սահմաններից դուրս. Բաթումում մասնակցել է տարածաշրջանային մրցումների և բրոնզե մեդալ է վերցրել։
«Նետաձգությունը շատ հայկական մարզաձև է` թե՛ պատմական թե՛ առասպելական առումներով։ Հիշենք Հայկի և Բելի առասպելը։ Սակայն միայն հայտնի սպորտաձևերն են, որ մեր երկրում ունեն սպորտային ակումբներ»,–նկատեց Փոքրիկյանը։
Հենց այս բացթողումն էլ դրդեց սպորտաձևի սիրահար համահիմնադիրներին ստեղծել ակումբը և ՀՀ–ում «վերակենդանացնել» այդ մարզաձևը։ Նրանք ցանկանում են, որ այն մաքսիմալ ուշադրության արժանանա և համագործակցություններ ստեղծվեն մարզաձևով հետաքրքրված տարբեր կառույցների միջև։ Այս պահին հետաքրքրվածությունը, Փոքրիկյանի խոսքով, բավականին մեծ է, մեկ հայտարարությամբ բոլոր տեղերը լրացել են, ու այժմ հրաձգության հանրապետական մարզադպրոցի հետ համագործակցության շնորհիվ շուրջ 30 մարզիկ կարողանում են անվճար մարզվել:
«Մեր տեսլականն է պրոֆեսիոնալ նետաձգությունը զարգացնել որպես մարզաձև, ապագայում փորձել մաքսիմալ ներառական դարձնել այն և տարածել ՀՀ այլ քաղաքներում և գյուղերում։ Եվ որ Հայաստանը կարողանա ամբողջ աշխարհում ներկայացնել այս մարզաձևը»,–ներկայացրեց նա։
1 / 3

Մարզումներ «Նաիրի» ակումբում

2 / 3

«Նաիրի» ակումբը

3 / 3

Մարզումներ «Նաիրի» ակումբում

Ակումբի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետը Վարդան Ադամյանն էլ ցավով ընդգծեց, որ այսօր մոռացության է մատնվում այդ մարզաձևը։ «Այսօրվա երեխաներն էլ ավելի տաղանդավոր են և արժանի են մասնակցել մրցումների, դա է իրենց մոտիվացիան։ Հարևան երկիր էլ չկարողանա՞նք տանել այս երեխեքին»,–հավելեց վարպետը։ Այնուամենայնիվ մարզիչ Ադամյանը լիահույս է, որ այս մարզաձևը Հայաստանում ապագա ունի։
ԽՍՀՄ սպորտի վարպետը Վարդան Ադամյանը
Նա ընդգծեց դրա առավելությունները` ուշադրության կենտրոնացում, ինքնատիրապետում, այն նաև ավելի հանգիստ, պատասխանատու է դարձնում մարդուն։ Մարզչի խոսքը հաստատում են պարապող սաները։ Նետաձգությամբ զբաղվելու ընթացքում իրենք ավելի համբերատար են դարձել։
Արփի Վարդանյանը
Հայաստանի նետաձգության երկակի չեմպիոն (2022-2023) Արփի Վարդանյանը, որը Բաթումում գրավել է երրորդ տեղը, ընդգծում է, որ իր նպատակն է ՀՀ–ն ներկայացնել աշխարհում։ «Պարզ է, որ միայն սպորտով չես կարող գումար վաստակել, բայց ես չեմ ուզում հրաժարվել սպորտից։ Մեծ հույսեր ունեմ, որ մի օր ֆինանսավորում կգտնվի, և պետությունը ուշադրություն կդարձնի մեզ, քանի որ այստեղ վիճակը անմխիթար է»,– հավելում է մարզիկը։
Սոնա Սահակյանը
Իսկ ՀՀ պատանիների չեմպիոն (2023թ.) Սոնա Սահակյանը հավելում է` իր առջև նպատակ է դրել իր ուժերի չափով տեղեկացնել մարդկանց նետաձգության գոյության մասին, որը ժամանակի ընթացքում մոռացվել է։
Նշենք, որ «Նաիրի» նետաձգության ակումբը նետաձգության առաջին պրոֆեսիոնալ ակումբն է Հայաստանում։ Այն ստեղծվել է 2022 թվականի հունիսին մի քանի երիտասարդների կողմից, որոնք սիրել և զբաղվել են այս սպորտաձևով:
Ներդրումների բացակայությամբ պայմանավորված և մարզաձևի զարգացման նպատակով ակումբի անդամները դրամահավաք են նախաձեռնել rearmenia հարթակում: