ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Երևանում շտապօգնության բժշկի առողջությանը վնաս հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել հորը և երկու որդիներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին Երևանի Նորաշեն թաղամասի բնակարաններից մեկում հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ Վերջինս մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, շտապօգնության աշխատակիցը ճանաչվել է տուժող։
Նախաքննությամբ պարզվել է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:10-ին, շտապօգնության խումբը կանչով մեկնել է վերը նշված հասցեով։
«Այնտեղ բնակվող, բուժօգնության կարիք ունեցող տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելու համար բժիշկը բուժքրոջը հրահանգել է ներարկել ցավազրկող դեղամիջոց, ինչն առաջացրել է տղամարդու դժգոհությունը։ Վերջինս հրաժարվել է ներարկումից՝ պահանջելով ներարկել այլ դեղամիջոց: Դրա ոչ նպատակահարմար լինելու մասին բժշկի պարզաբանումից վրդովված տղամարդը բժշկի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում հիվանդն աթոռը նետել է բժշկի ուղղությամբ, որը դիպել է վերջինիս ոտքին»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Դրանից հետո տղամարդու երկու որդիները հարձակվել են բժշկի վրա, րեքով հարվածներ հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին՝ մարմնական վնասվածքներ են պատճառելով գլխի, պարանոցի և մարմնի այլ հատվածների շրջանում:
Տղամարդուն և նրա երկու որդիներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է։